«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ներկրված խավիարում լաբորատոր փորձաքննության արդյուքնում անհամապատասխանություններ է հայտնաբերել։ Մասնավորապես, «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր խավիարում և ծիածանափայլ իշխանի սառեցված խավիարում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)։
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակումներ է կիրառել «Մաքս Ֆիշ» ընկերության մատակարարումների նկատմամբ։
Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել Բելառուսից Ռուսաստան ներկրվող մսային պահածոների մասով (արտադրող՝ «Белфуд Продакшн»), քանի որ դրանց մեջ հայտնաբերվել են արգելված հակաբորբոքային դեղամիջոցներ՝ կետոպրոֆեն, մելոկսիկամ և ֆլունիկսին։
Իսկ բելառուսական «Могилевское райпо» ընկերության կտրատված տավարի սառեցված մսեղիքում հայտնաբերվել է լիստերիա։