
Երեկ՝ ապրիլի 28-ին, Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզորը» (Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայություն, հեղ.) հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Գերատեսչության տվյալներով՝ ջրի որոշ խմբաքանակներում հայտնաբերվել է հիդրոկարբոնատի իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն։
«2026 թվականի ապրիլի 28-ից Ռոսպոտրեբնադզորը սահմանել է ժամանակավոր սանիտարական միջոց՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» բնական հանքային բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի ներմուծման և շրջանառության դադարեցման վերաբերյալ՝ հետևյալ արտադրության ամսաթվերով՝ 17.02.2026, 05.03.2026, 13.03.2026, 12.01.2026, 18.11.2025, 19.02.2026, 24.11.2025, 27.03.2026, 10.01.2026, 22.11.2025, 23.10.2025», — նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Ռոսպոտրեբնադզորը» նաև ընդգծել է, որ նշված արտադրանքը «չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը», ինչը խախտում է ՄՄ 044/2017 տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները՝ «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի, անվտանգության մասին»։
«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատի իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն։ Արտադրանքի բուժական հատկությունների մասին մոլորեցնող տեղեկատվությունը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վատթարացման», — հատված «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարությունից։
Բացի այդ, մարդկանց առողջությանը հնարավոր վնաս հասցնելու ռիսկը կանխելու նպատակով «Ռոսպոտրեբնադզորը» տեղեկատվություն է փոխանցել «Օպերատոր-ЦРПТ» ընկերությանը՝ որպեսզի Ռուսաստանի տարածք ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը ժամանակավորապես կասեցվի պետական մոնիթորինգի համակարգի միջոցով, որը վերահսկում է պարտադիր մակնշմամբ ապրանքների շրջանառությունը։
Հիդրոկարբոնատները, քլորիդները և սուլֆատները հանքային ջրի բնական բաղադրիչներ են, սակայն դրանց չափազանց բարձր կոնցենտրացիան կարող է վկայել ջրի քիմիական կազմի շեղման մասին։
Նման շեղումները որոշ դեպքերում կարող են ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և առողջության համար ստեղծել հնարավոր ռիսկեր՝ հատկապես երկարատև օգտագործման դեպքում։
Նշենք, որ երեկ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, «խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել».
«Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն»,-նշել էր ՍԱՏՄ-ն։