

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ազարիա» ՍՊ ընկերությանը (ք. Երևան, Ս․ Բաղդասարյան փ.) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պելմեններ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը։
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «պելմեններ» (արտադրված 11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով և «տավարի քաբաբ» (արտադրված 11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով հաստատաված նորմերին։
Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
Սալմոնելա բակտերիաները կարող են հայտնվել մսամթերքում երկու դեպքում՝ եթե կենդանիները հիվանդ են եղել դեռ կենդանի ժամանակ, կամ եթե մորթից հետո միսը աղտոտվել է սանիտարական անբավարար պայմանների հետևանքով։ Սալմոնելան կարող է առաջացնել սալմոնելյոզ՝ սուր աղիքային վարակ՝ ախտանիշներով՝ բարձր ջերմություն, փորլուծություն, փսխում։ Հատկապես վտանգավոր է երեխաների, տարեցների և խոցելի խմբերի համար։
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
Նշենք, որ ընկերությունն արտադրում է «Քարավան» ապրանքանիշը։