

Վերջերս նյութ էինք հրապարակել այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք, ըստ մեր հետազոտության արդյունքների և ռիսկերի վերլուծության, կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Մասնավորապես, վերլուծել էինք 2024թ.ին հրապարակված 2019թ., 2021թ. պետական մոնիթորինգի արդյունքները, ներկայացրել ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, որպեսզի գիտնականներն ու հետազոտողները հաշվարկեն քաղցկեղի զարգացման իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը։
Պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 20 %–ը կամ ամեն 5-րդը, մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։
Էլ ի՞նչ հիվանդություններ կարող են առաջացնել թունաքիմիկատները, ովքե՞ր են խոցելի խմբում, ի՞նչն է մեծացնում ռիսկն ու ինչպես դրանք նվազեցնել։ Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանի հետ։
«Արդեն վաղուց հստակ կորելացիոն կապեր և վերջին 10 տարվա ընթացքում հարյուրավոր հոդվածներ կան, որոնք հաստատում են Պարկինսոնի հիվանդություն և թունաքիմիկատներ, Ալցհայմեր և թունաքիմիկատներ, երեխաների պարագայում՝ կոգնիտիվ զարգացում և թունաքիմիկատներ կապը ,-ասում է Ա. Մկրտչյանը:- Դա երկարատև, քրոնիկ թունավորման հետևանք է, այսինքն՝ ես անընդհատ այդ թունաքիմիկատով բանջարեղենն եմ գնում, անընդհատ դրանով եմ սնվում՝ միկրոքանակներով»։
Բացի այդ, թունաքիմիկատները կարող են ազդել էնդոկրին (հորմոնալ) համակարգի վրա։ Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ թունաքիմիկատների շարունակական ազդեցության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի միջև նույնպես կապ կա։
Ա. Մկրտչյանն նշում է, որ թունաքիմիկատները կարող են ազդեցություն ունենալ նաև վերարտադրողական համակարգի վրա՝ թե’ տղամարդկանց, թե’ կանանց մոտ։ Օրինակ, ըստ որոշ հետազոտությունների, տղամարդկանց դեպքում կարող է նկատվել սերմնահեղուկի ծավալի փոփոխություն, սպերմատոզոիդների շարժունակության անկում, դրանց որակի վատացում։ Կանանց մոտ՝ հղիության ինքնաբուխ ընդհատումներ` վիժումներ, ինչպես նաև՝ բնածին արատներ պտղի մոտ։ Որոշ դեպքերում այդ արատները կարող են լինել կյանքի հետ անհամատեղելի, ինչի հետևանքով հղիությունը կամ ինքնաբերաբար ընդհատվում է, կամ, բժշկական ցուցումով, դադարեցվում։
Թունաքիմիկատները կարող են ազդել նաև վերին շնչուղիների վրա։ Օրինակ, ասթման, ինչպես նաև քրոնիկ բրոնխիտի դեպքերն առավել հաճախ հանդիպում են գյուղատնտեսական ոլորտում աշխատող անձանց մոտ, ովքեր պարբերաբար քիչ քանակությամբ, բայց երկարաժամկետ շնչում են թունաքիմիկատների մնացորդները։
Բայց ամենամեծ ռիսկի խումբն, իհարկե, քաղցկեղի առաջացման ռիսկն է.
«Օրինակ, կապ կա ոչ Հոջկինի լիմֆոմայի հետ, որը, երևի, ամենատարածված 5 օնկոլոգիաներից մեկն է. կա հստակ կապ, նաև լեյկոզների պարագայում- ասում է Ա. Մկրտչյանը: -{Թունաքիմիկատները} կարող են ախտահարել տարբեր օրգաններ, առաջացնել լյարդի, երիկամի ուռուցքներ և այլն. բավականին շատ հետազոտություններ կան, որոնք դրական կորելացիա են տալիս՝ ինչքան ավելի երկար է այդ մարդը շփվել այդ թունաքիմիկատի հետ, օգտագործել այդ մթերքները, այդքան ավելի մեծ է ռիսկը»,-ասում է նա։
Ոչ Հոջկինի լիմֆոմա (ՈՀԼ) լիմֆատիկ համակարգի չարորակ ուռուցք է, որն սկսվում է լիմֆոցիտներից՝ սպիտակ արյան բջիջներից, որոնք պատասխանատու են իմունային համակարգի աշխատանքի համար։ Ի տարբերություն Հոջկինի լիմֆոմայի, ՈՀԼ-ն ունի բազմաթիվ ենթատեսակներ և կարող է զարգանալ ինչպես լիմֆատիկ հանգույցներում, այնպես էլ՝ այլ օրգաններում, ներառյալ՝ փայծաղը, ոսկրածուծը և մարսողական համակարգը։
ՈՀԼ-ի ռիսկի գործոններն են իմունային համակարգի խանգարումները, որոշ վարակներ (օր.՝ Էպշտեյն-Բարի /Epstein-Barr/ վիրուս), գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի, թունաքիմիկատների ազդեցությունները։
Հիվանդությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է խոսել թունաքիմիկատների կեսնակուտակման և կենսամագնիսացման մասին, ինչի հետևանքով, ըստ սննդաբանի, ստանում ենք դրանց ավելի մեծ չափաքանակ, քան թվում է։
Կենսակուտակում (bioaccumulation) այն է, երբ վնասակար քիմիական նյութերը ժամանակի ընթացքում կուտակվում են օրգանիզմում, հիմնականում՝ ճարպային հյուսվածքներում կամ օրգաններում, քանի որ օրգանիզմը չի հասցնում դրանք դուրս բերել։
Կենսամագնիսացում (biomagnification) տեղի է ունենում, երբ այդ կուտակված վնասակար նյութերը սննդային շղթայի ընթացքում փոխանցվում են մի օրգանիզմից մյուսին և յուրաքանչյուր հաջորդ օղակում դրանց խտությունն ավելի է բարձրանում։
Օրինակ, թունաքիմիկատը կուտակվել է ջրիմուռում, հետո այն կերել է փոքր ձուկը, նրան՝ մեծ ձուկը, վերջում՝ մարդը։ Եվ հենց մարդն ստանում է այդ նյութի առավելագույն քանակը։
Սա վտանգավոր է հատկապես ճարպալույծ թունաքիմիկատների (նյութեր, որոնք լավ են լուծվում ճարպերում, հեղ.) դեպքում, որոնք կուտակվում են ճարպային հյուսվածքներում. սկզբում դրանք կարող են ոչ մի ազդեցություն չունենալ, բայց, ժամանակի ընթացքում, փոքր դոզաներով կուտակվելով, անցնում են թույլատրելի շեմքը և սկսում ազդել գրեթե բոլոր օրգանների վրա։
Ա. Մկրտչյանն ասում է, որ հաճախ դրանք կուտակվում են լյարդում, երիկամներում, մկաններում, ուղեղում, կարող են հայտնվել կրծքագեղձում և կաթի մեջ՝ վտանգելով հատկապես կրծքով կերակրող մայրերի և նորածինների առողջությունը։ Կարող են ազդել նաև նյարդային համակարգի վրա։

Սննդաբանը նշում է՝ վնասը մեծացնում է նաև այն, որ շատ թունաքիմիկատների դեպքում կիսադուրսբերման պարբերությունը (biological half-life, այն ժամանակահատվածը, որի ընթացքում նյութի կեսը դուրս է գալիս օրգանիզմից կամ քայքայվում է, հեղ.) ավելի փոքր է, քան դրա՝ մեր ստանալու արագությունը, և օրգանիզմը չի հասցնում այն ամբողջությամբ մաքրել մինչև հաջորդ քանակը ստանալը։
Բացի այդ, թունաքիմիկատներն այլ թույների հետ կարող են կուտակային (cumulative) կամ հավելյալ (additive) ազդեցություն ունենալ, այսինքն՝ ավելի շատ վնասել, քան եթե լինեին առաձին-առանձին.
«Կոպիտ բացատրեմ, օրինակ, ամեն մեկը 10 մմ–ով մեր ճնշումը կբարձրացներ, եթե իրենք իրար հետ են աշխատում, 35-40 մմ–ով կբարձրացնեն մեր ճնշումը, այսինքն՝ ռիսկը շատ ավելի մեծանում է։ Ռիսկը մեծանում է նաև ալկոհոլի հետ. տետրաքլոր մեթանը, եթե ալկոհոլի հետ զուգահեռ է, տոքսիկ էֆեկտը քառակի-հնգակի ավելանում է»,-նշում է սննդաբանը։
Ա. Մկրտչյանն ասում է, որ նույնիսկ եթե միրգ-բանջարեղենը ձեր տնամերձ հողատարածքից է, միևնույնն է, դուք վստահ չեք կարող լինել, որ «մաքուր» միրգ կամ բանջարեղեն եք ուտում, քանի որ, հնարավոր է, դուք ոռոգում եք այն ջրով, որով քիչ այն արդյունաբերական ծավալներով ցորենի կամ կարտոֆիլի արտադրություն ունեցող մեկն է ջրում, և այդ ջրով թունաքիմիկատների մնացորդները հասնելու են ձեր այգի.
«Ես նման փորձ ունեմ. ելակը ջրել եմ ծորակի ջրով և ոռոգման ջրով, և այնտեղ, որտեղ ոռոգման ջրով եմ ջրել, ծանր մետաղներն ու թունաքիմիկատներն ավելի շատ են եղել. այնպես որ, ոչ մեկ չի կարող վստահ լինել»,-ասում է Ա. Մկրտչյանը։

Սննդաբանն ասում է, որ թեև այս դեպքում ռիսկի խմբում բոլորն են, սակայն ռիսկը մեծանում է մի խումբ մարդկանց համար։ Օրինակ, այն երեխաների, որոնք ինտենսիվ աճի և զարգացման փուլում են և շատ են ուտում։ Նույնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր չունեն թունաքիմիկատները վերամշակելու, փոխակերպելու կամ չեզոքացնելու բավարար ունակություն՝ օրինակ, լյարդի կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Բարձր ռիսկային խմբում են նաև հղի կանայք և տարեց մարդիկ, որոնց օրգանիզմի պաշտպանական համակարգերը թուլացած են։
Ա. Մկրտչյանն առանձնացնում է նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատողներին և հատկապես նրանց, ովքեր չեն տիրապետում անձնական հիգիենայի կանոններին տարբեր տեսակի թունաքիմիկատներ կիրառելիս, չեն կրում դիմակներ, ձեռնոցներ, չեն լվանում ձեռքերը կամ թունքիմիկատներն օգտագործում են սխալ չափաբաժնով։
Արդեն եղած ռիսկերը նվազեցնելու համար սննդաբանը մի պարզ խորհուրդ է տալիս. անպայման լավ լվանալ միրգն ու բանջարեղենը, կարելի նաև՝ փափուկ խոզանակով, եթե նույնիսկ հետո կեղևազրկելու եք. դա որոշակիորեն կնվազեցնի մակերեսային թունքաիմիկատների քանակը.
«Անպայման մաքրեք կեղևը, ինչքան էլ ասեն, որ շատ օգտակար է, ինուլին (օրգանական նյութ, բնական պրեբիոտիկ, հեղ.) կա մեջը, սննդային թելիկներն ավելի շատ են, բայց, ամեն դեպքում, եթե դուք կասկածում եք, չգիտեք՝ որտեղից է, և ռիսկը մեծ է, որ թունաքիմիկատներ կարող են լինել, ապա կեղևազրկեք,-ասում է սննդաբանը։ — Օրինակ, Ամերիկայում, Եվրոպայում խորհուրդ են տալիս նաև քացախ կամ սոդա, օրինակ, քացախը 1:4-ի հարաբերությամբ ջրի մեջ մոտ 15 րոպե թողնել այդ միրգ-բանջարեղենը, հետո հանել, հոսող ջրով լվանալ ու նոր օգտագործել։ Կամ, եթե շերտերով է, անպայման մաքրել վերևի շերտերը»։
Սակայն, նույնիսկ հաշվի առնելով այս ամենը, սննդաբանն ասում է, որ չի կարելի ասել՝ մի կերեք միրգ-բանջարեղեն, քանի որ պետք է կշեռքի նժարին դնել օգուտը և վնասը.
«Եթե ես պատրաստ եմ մուլտվիտամինային անբավարարություն ունենալ, պետք է ընդհանրապես հրաժարվեմ բանջարեղենից,-ասում է Ա. Մկրտչյանը։- Հետևաբար, այո’, ես շարունակելու եմ ուտել, բայց շարունակելու եմ իմ ասած խորհուրդներով մաքրել ուտելուց առաջ, երբեք չեմ գնա պոկեմ, ձեռքով մաքրեմ և ուտեմ, որովհետև դա օրգանական է և իմ իմացած ինչ֊որ մի ծանոթի բանջարանոցից է։ Եվ, միևնույն ժամանակ, եթե ես առաջ ասում էի՝ թեկուզ 600գ, թեկուզ 800գ օրական կերեք, հիմա ես շատ ավելի զգույշ եմ և ասում եմ` 400-500 գրամ, մինչև 400 գրամը լրիվ բավարար է»,-ասում է սննդաբանը։
Եզրափակելով Ա. Մկրտչյանն ասում է, որ թունաքիմիկատ ամեն տեղ էլ օգտագործում են, ամենաշատը՝ Չինաստնում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, այլ հարց է, թե ինչպես է դրա կիրառումը վերահսկվում Հայաստանում.
«Համապատասխան կառույցներին պետք է դիմել այդ հարցով»,-ասում է նա։