

Օգոստոսի 6-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ կայացել է պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստը, որտեղ քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության համաձայնեցված քաղաքականության իրականացումը, ինչպես նաև՝ քաղաքացիների շահերի ապահովման նպատակով միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարները։
ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ այս տարի լրացել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից սպառողների իրավունքների պաշտոնապես ճանաչման և դրանց պաշտպանության միջազգային սկզբունքների սահմանման քառասուն տարին:
«Ժամանակակից տեխնոլոգիական փոփոխությունների պայմաններում ԵԱՏՄ երկրները շարունակում են ակտիվորեն զարգացնել համագործակցությունը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, ձգտելով ապահովել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանություն», — ընդգծել է Վալենտին Տատարիցկին:
Նիստի մասնակիցները քննարկել են սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Միության պետությունների համատեղ գործողությունների 2024 թվականի ծրագրի կատարման արդյունքները: Քննարկման արդյունքում հավանություն է տրվել զեկույցին, որն ուղարկվելու է Հանձնաժողովի Կոլեգիայի քննարկմանը:
Դիտարկվել է ԵԱՏՄ երկրների համատեղ գործողությունների առաջիկա տարիների թարմացված ոլորտային ծրագրի նախապատրաստման ընթացքը:
Նոր փաստաթղթի հիմնական ուղղությունների թվում առանձնացվել են հետևյալ գերակայությունները՝ սպառողների իրավունքների պաշտպանություն իրականացնող պետական և հանրային կառույցների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակի բարձրացումը, թվային տեխնոլոգիաների զարգացումը, առևտրում և ծառայություններում նորարարական լուծումների և խելացի ծառայությունների ներդրումը:
Հավանություն է տրվել Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) և Եվրասիական տնտեսական միության պետական մարմինների ներկայացուցիչների համար սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի փորձի փոխանակման վերաբերյալ առաջին ոլորտային սեմինարի անցկացմանը:
ԵՏՀ նախարարը կարևորել է համաշխարհային փորձի և անդամ պետությունների լավագույն ազգային փորձառության կիրառումը արդյունավետ մեխանիզմների մշակման և Միության ամբողջ տարածքում սպառողների իրավունքների պաշտպանության հավասար հնարավորությունների ապահովման համար: