

2025թ.ի դեկտեմբերի 21-ին լրանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային միության ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 024/2011) կատարված փոփոխությունների հիմնական անցումային դրույթների ժամկետը. այսուհետ արտադրողները պարտավոր են ամբողջությամբ համապատասխանեցնել արտադրանքը տեխկանոնակարգի նոր պահանջներին։
Հիշեցնենք, որ «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգում» փոփոխություններն ընդունվել են դեռևս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023թ. դեկտեմբերի 12-ի №149 որոշմամբ և ուժի մեջ են մտել 2024թ. դեկտեմբերի 22-ից։
Փոփոխությունները հստակեցնում են տեխնիկական կանոնակարգի մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են սննդային ճարպայուղային արտադրանքի սահմանումներին, մակնշման պահանջներին, արտադրության և փոխադրման գործընթացներին, ինչպես նաև՝ վերացնում են փաստաթղթի առանձին նորմերի երկիմաստ մեկնաբանությունները։
Մինչ այդ արտադրողների համար նոր պահանջներին սահուն անցում ապահովելու նպատակով Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանվել էր 12-ամսյա անցումային շրջան, որի ընթացքում թույլատրվում էր Մաքսային միության տարածքում արտադրել և շրջանառության մեջ դնել ճարպայուղային արտադրանք՝ նախկինում գործող պահանջներին համապատասխան (նման արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի ընթացքում)։
Միևնույն ժամանակ, տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխություններով, սահմանվել է նաև պահանջ չտեմպերացվող, ոչ լաուրինային տիպի կակաոյի կարագի փոխարինիչների համար՝ «ճարպաթթուների տրանսիզոմերներ» ցուցանիշի մասով, որն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից։
Այդ պահից նշված փոխարինիչներում ճարպաթթուների տրանսիզոմերների պարունակությունը չպետք է գերազանցի արտադրանքի ընդհանուր ճարպի 2%-ը։
Հաշվի առնելով, որ տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների անցումային դրույթները ավարտվում են նոր պահանջի ուժի մեջ մտնելուց առաջ, անհրաժեշտություն է առաջացել այդ պահանջի համար առանձին անցումային շրջան սահմանել ևս մեկ տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Այս կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2025թ. նոյեմբերի 26-ին №106 որոշմամբ լրացրել է անցումային դրույթները 2 ենթակետերով։ Դրանք նախատեսում են, որ չտեմպերացվող, ոչ լաուրինային տիպի կակաոյի կարագի փոխարինիչների համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի №2 փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, գործում են մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։
Մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը թույլատրվում է նաև Մաքսային միության մաքսային տարածքում արտադրել և շրջանառության մեջ դնել չտեմպերացվող, ոչ լաուրինային տիպի կակաոյի կարագի փոխարինիչներ՝ առանց հաշվի առնելու «ճարպաթթուների տրանսիզոմերներ» ցուցանիշի պահանջները, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից՝ պայմանով, որ առկա լինեն գործող համապատասխանության գնահատման փաստաթղթեր։