
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել՝ ըստ որի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանը կազատվեն մաքսատուրքից կակաոյի հատիկների վերամշակման միջանկյալ արտադրանքների ներմուծման ժամանակ։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է չյուղազրկված կակաոյի մածուկին, կակաոյի յուղին և կակաոյի ճարպին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 և 1804 00 000 0 կոդեր)։
Ըստ որոշման՝ Հայաստանը կարող է ներմուծել առավելագույնը 300 տոննա կակաոյի մածուկ և 200 տոննա կակաոյի յուղ կամ ճարպ՝ առանց մաքսատուրքի։
Միաժամանակ, սահմանվել են նաև ներմուծման առավելագույն ծավալներ մյուս երկրների համար․
Բելառուս – մինչև 5,5 հազար տոննա կակաոյի մածուկ և 3,5 հազար տոննա կակաոյի յուղ,
Ղրղզստան – մինչև 300 տոննա (միայն կակաոյի ճարպ),
Ռուսաստան – մինչև 37 հազար տոննա՝ նշված երկու արտադրատեսակների ընդհանուր ծավալով։
Մաքսատուրքից ազատման այս միջոցառումը գործելու է մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ։
«Նշված արտադրանքը օգտագործվում է հրուշակեղենի արտադրողների կողմից՝ շոկոլադի, շոկոլադե կոնֆետների և շոկոլադե այլ արտադրատեսակների պատրաստման համար, ինչպես նաև կիրառվում է դեղագործական և օծանելիքի արդյունաբերությունում», – նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նրա խոսքով՝ «սակագնային արտոնության կիրառումը թույլ կտա ապահովել կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը՝ հումքի արժեքի նվազեցման հաշվին»։
Նախարարն ընդգծել է նաև, որ ներկայումս հրուշակեղենի ոլորտի ձեռնարկություններից մեկը իրականացնում է ներդրումային նախագիծ՝ կակաոյի հատիկների ամբողջական ցիկլով վերամշակման հզորությունների մեծացման նպատակով։ Սակայն այդ նախագիծը նախատեսվում է ավարտել միայն 2029 թվականին։
Միևնույն ժամանակ նշվում է, որ մաքսային արտոնությամբ ներմուծվող հումքը կարող է օգտագործվել միայն Հայաստանի կամ Բելառուսի տարածքում։
Որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից տասը օր անց։
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը ներմուծման արտոնությունն էր ստացել նաև շաքարեղեգի հումքի մասով։