Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ, Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով մսի, մսամթերքի սպառման ծավալները, ինչպես նաև՝ անասնահամաճարակային իրավիճակը գնահատելու նպատակով՝ վերահսկողություն է սկսում Հայաստանի մարզերում և Երևան քաղաքում գործող սպանդանոցներում:
Կստուգվի, թե՝
- արդյո՞ք սպանդանոց բերված մթերատու կենդանիները ենթարկվում են նախասպանդային անասնաբուժասանիտարական զննման,
- արդյո՞ք իրականացվում է գործիքների, սարքավորումների և արտադրական հատուկ համազգեստի համապատասխան սանիտարական ախտահանում,
- արդյո՞ք աշխատակիցները ենթարկվել են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և ունեն սանիտարական գրքույկ,
- արդյո՞ք բոլոր տեսակների մթերատու կենդանիների մսեղիքի մաքրամշակման ընթացքում հեռացվում են կապտուկները, արյունազեղումները և աղտոտված հատվածները,
- արդյո՞ք սպանդից հետո մսեղիքը, թռչնի ներքին օրգանները և սպանդային այլ մթերքները ենթարկվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության,
- արդյո՞ք սպանդից հետո մթերատու կենդանիների մոտ հիվանդությունների հայտնաբերման դեպքում մսեղիքի վրա դրվում է անասնաբուժական կնիք, որը վկայում է դրա վնասազերծման կամ ուտիլիզացման եղանակների մասին,
- արդյո՞ք մսի դրոշմակնքման համար օգտագործվում են թույլատրելի ներկանյութեր,
- արդյո՞ք սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն ունի սանիտարական անձնագիր:
Արձանագրված արդյունքները կհրապարակվեն: