

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Սևանա լճում սիգի որսի արգելքի մեկնարկին ընդառաջ իրականացվող միջոցառումների կազմակերպմանը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 21-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը սիգի ձվադրման ժամանակահատվածում նախատեսված վերահսկողական միջոցառումները, ապօրինի որսի կանխարգելման և պատասխանատու կառույցների աշխատանքների համակարգման հարցերը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախորդ տարիներին իրականացված միջոցառումների արդյունքներին՝ դրանք դրական գնահատելով։ Նա ընդգծել է, որ հետևողական վերահսկողությունն ու պահպանության միջոցառումները նպաստել են սիգի բնական վերարտադրությանը և պաշարների վերականգնմանը։
Մասնավորապես, գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականին Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 4511 տոննա՝ 2025 թվականի աշնանն արձանագրված 3591,8 տոննայի համեմատ։
Կարևորվել է նախորդ տարիների դրական արդյունքների պահպանումը և վերահսկողական աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։
.
.
Գլխավոր նկարը՝ արխիվային