

Նարինեն մայրացել է 36 տարեկանում՝ դստեր ծննդին սպասելով 13 տարի։ Այժմ նա 64 տարեկան է, դուստրը՝ 28։ Մինչև նրա ծնվելը Նարինեն դժվարին օրեր է ապրել․ հիասթափվել է, լաց եղել, ճնշվել, բայց միշտ ուժ է գտել, հավատացել, որ անպայման մի օր մայրանալու է։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատանքի է անցել դպրոցում՝ որպես մանկավարժ, մինչ օրս էլ մեծ սիրով աշխատում է դպրոցում՝ դասավանդելով տարրական դասարաններում։
«Իմ բուժման ու պայքարի ճանապարհին միշտ մտածում էի՝ այդքան սիրում եմ փոքրիկներին, հնարավոր չէ, որ ինքս երեխա չունենամ։ Մայրանալն իմ երազանքն էր, ու հոգու խորքում զգում էի, որ վաղ թե ուշ այն իրականանալու է»,- ասում է Նարինեն։
Նարինեն ամուսնացել է 1985 թվականին։ Դժվարին տարիներ էին․․․ Ամուսնությունից մոտ մեկ տարի անց Նարինեին սկեսուրն ու սկեսրայրը սկսել է ճնշել, և մի քանի տարվա ընթացքում ճնշումները սաստկացել են։
«Ամուսնուս մայրը կշտամբում էր, որ երեխա չեմ ունենում։ Ես բուժվում էի ու միևնույն ժամանակ սթրեսային պայմաններում ապրում։ Կոնֆլիկտներն ու իմ նկատմամբ վատ վերաբերմունքը գնալով անտանելի էին դառնում։ Ամուսնուս ծնողներն ուզում էին՝ ես ու ամուսինս բաժանվենք։ Սկեսուրս ասաց՝ ո՞ւմ եմ պետք, եթե երեխա չեմ կարողանում ունենալ։ Ես, իհարկե, բուժվելու ընթացքում հույս ունեի, որ կմայրանամ, բայց ամուսնուս ծնողների ցասումից երբեմն հուսահատվում էի, կոտրվում․․․ Ամուսնուս առաջարկեցի, որ ամուսնալուծվենք։ Նա ասաց՝ ոչ մի դեպքում ինձ մենակ չի թողնի։ Ասաց՝ սիրում է ինձ, ու լիահույս է, որ զավակ կունենանք, իսկ եթե նույնիսկ երբեք երեխա չունենանք, նա ինձնից չի բաժանվի։ Ու մենք հեռացանք ամուսնուս ծնողների տնից՝ գնալով իմ ծնողների տուն։ Մի քանի տարվա ընթացքում մեր նոր տունը կառուցեցինք ու տեղափոխվեցինք այնտեղ։ Եվ 13 տարվա պայքարից հետո ծնվեց իմ դուստրը։ Ինձ բուժող գինեկոլոգը լուսահոգի Գեորգի Կիմի Պողոսյանն էր։ Նա շատ կանանց է օգնել մայրանալ։ Գիտե՞ք՝ նույնիսկ հիմա երբեմն նայում եմ դստերս ու չեմ հավատում, որ ես եմ նրան լույս աշխարհ բերել։ Հրաշալի է մայր լինելը։ Շատ կուզենամ, որ մայրանան բոլոր նրանք, ովքեր երազում են երեխա ունենալ»,- ասում է Նարինեն։
.
.
.
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է՝ «անպտղությունը» արական կամ իգական սեռի վերարտադրողական համակարգի հիվանդություն է, որը բնորոշվում է հղիության ձախողմամբ` 12 կամ ավելի ամիսների ընթացքում կանոնավոր և անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում:
Անպտղության պատճառները կարող են պայմանավորված լինել կնոջ կամ տղամարդու վերարտադրողական առողջության, ինչպես նաև՝ երկուսի մոտ եղած խնդիրերով։
Իսկ որո՞նք են ամենատարածվածները։ Առողջապահության նախարարության՝ Մոր և մանկան առողջության պահպանման վարչությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ կանանց շրջանում հիմնական պատճառներն են փողային (արգանդափողային) գործոնները, արգանդի, ձվարանային և էնդոկրին հիվանդությունները, որոնք հանգեցնում են հորմոնալ խանգարման:
Տղամարդկանց շրջանում տարածված պատճառներից են օբստրուկցիաները (սերմատար ուղիների մեխանիկական խցանումներն են, որոնք խոչընդոտում են սպերմատոզոիդների բնականոն տեղաշարժին և դուրսբերմանը), որոնք հանգեցնում են սերմնահեղուկի արտազատման խանգարումների և էնդոկրին հիվանդությունների․ սրանց պատճառով էլ առաջանում են հորմոնալ խանգարումներ, սերմնահեղուկի որակական և ֆունկցիոնալ շեղումներ։
ԱՀԿ` 2025թ.-ին հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհում վերարտադրողական տարիքի մարդկանց շուրջ 17.5%-ը կյանքի ընթացքում բախվում է անպտղության խնդրին․ այսինքն՝ ամեն 6-րդ մարդը։
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնել են, որ անպտղություն ունեցող քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չեն հավաքագրում։
Այս ոլորտի վերջին պաշտոնական հրապարակված հետազոտությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2020-2021 թվականներին իրականացված «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտությունն է, որը հրապարակվել է 2022-ին։
Դրա համաձայն՝ Հայաստանում վերարտադրողական տարիքի՝ միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմում է 16,8%, որից առաջնային անպտղությունը՝ 1,7%, իսկ երկրորդային անպտղությունը՝ 15,1%:
Առաջնային անպտղություն է համարվում այն վիճակը, երբ կինը նախկինում երբեք հղիություն չի ունեցել, իսկ երկրորդային անպտղությունը՝ երբ նախկինում առնվազն մեկ հղիություն եղել է, սակայն հետագայում չի հաջողվում կրկին հղիանալ։
Հետազոտությանը մասնակցած կանանց շրջանում ավելի շատ էր երկրորդային անպտղությունը՝ 13%, առաջնային անպտղությունը 1,3% էր։
Տղամարդկանց շրջանում նույնպես. առաջնային անպտղությունը 2,2% էր, երկրորդայինը՝ 17,6%: Այսինքն՝ տղամարդկանց շրջանում թե’ առաջնային, թե’ երկրորդային անպտղությունն ավելի մեծ տոկոս է կազմել, քան կանանց։
Հայաստանում անպտղության խնդրի հետազոտություններ կատարվել են նաև 1989-1990, 1997-1998 և 2009, 2014 թվականներին:
2014 թվականին հրապարակված հետազոտության տվյալներով՝ Հայաստանում անպտղության տարածվածությունը գնահատվել է 14,8%։ 2021 թվականին անցկացված համապետական հետազոտությամբ վերարտադրողական տարիքի՝ միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմել է 16,8%։
.
Հայաստանում կանանց անպտղության հիմնական պատճառներից են օվուլյացիայի խանգարումները, մասնավորապես՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (ՊՁՀ, հորմոնային և նյութափոխանակային խանգարում, որը կարող է ազդել ձվազատման և պտղաբերության վրա, հեղ.), արգանդափողերի անցանելիության խանգարումները, էնդոմետրիոզը, արգանդի խոռոչի որոշ պաթոլոգիաները, նաև հորմոնային խանգարումները, օրինակ՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը և հիպերպրոլակտինեմիան։
Այս մասին պատմում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Սեփխանյանը։ Նա նշում է, որ իր պրակտիկայում բավականին հաճախ է հանդիպում կանանց, որոնք ամուսնությունից ընդամենը 2-3 ամիս անց մեծ անհանգստությամբ դիմում են բժշկի՝ մտահոգվելով, որ դեռ հղիություն չի գրանցվել։ Նրանցից շատերը համոզված են, որ դա արդեն իսկ կարող է վկայել վերարտադրողական առողջության խնդրի մասին։
«Իհարկե, այս անհանգստության հիմքում զգալի դեր ունի նաև ընտանիքի, շրջապատի և հասարակության ճնշումը։ Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս հանդիպում են դեպքեր, երբ կնոջը ամուսնության առաջին ամիսներից սկսում են հարցնել՝ ե՞րբ է երեխա ունենալու։ Երբեմն այդ հարցերը վերածվում են շարունակական սպասումների, համեմատությունների և նույնիսկ մեղադրանքների։ Իսկ այդ ամբողջ պատասխանատվությունը հաճախ դրվում է հենց կնոջ ուսերին՝ անտեսելով այն փաստը, որ վերարտադրողական առողջությունը զույգի համատեղ պատասխանատվությունն է»,- ասում է Անահիտ Սեփխանյանը։
Նա բացատրում է՝ բժշկական տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ առողջ զույգի դեպքում հղիությունը պարտադիր չէ, որ գրանցվի հենց առաջին կամ երկրորդ ամսում։ Մասնագետը հիշեցնում է՝ համաձայն ԱՀԿ-ի սահմանման՝ անպտղության մասին պետք է խոսել այն դեպքում, երբ 12 ամիս և ավելի կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պայմաններում հղիություն չի գրանցվում։ Ընդ որում, մինչև 35 տարեկան կանանց դեպքում, եթե հայտնի ռիսկի գործոններ չկան, հետազոտումը սովորաբար սկսվում է 12 ամիս անց, իսկ 35 տարեկանից սկսած՝ 6 ամիս անց։ 40 տարեկանից բարձր կանանց դեպքում կարող է անհրաժեշտ լինել ավելի վաղ գնահատում։
«Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ կինը պետք է անպայման սպասի այդ ժամկետներին, եթե ունի անկանոն դաշտանային ցիկլ, էնդոմետրիոզի, փողային ախտահարման կամ այլ վերարտադրողական խնդիրների կասկած։ Նման դեպքերում հետազոտումը պետք է սկսել ավելի վաղ», — նշում է բժշկուհին։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաև բարձրացնել վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը․ կինը պետք է հասկանա, որ հղիության բացակայությունը ամուսնության առաջին ամիսներին դեռևս անպտղության նշան չէ և չպետք է ապրի մեղավորության կամ վախի զգացումով։
«Ինձ համար շատ կարևոր է նաև ընդգծել, որ երեխա ունենալու որոշումը պատկանում է զույգին։ Ընտանիքի անդամների աջակցությունը կարող է շատ արժեքավոր լինել, բայց ճնշումը երբեք չպետք է դառնա այդ գործընթացի մի մասը։ Մենք պետք է կնոջը տանք ոչ թե հերթական հարցը՝ «ե՞րբ ես երեխա ունենալու», այլ ապահովենք այն միջավայրը, որտեղ նա կարող է հանգիստ և գիտակցված որոշումներ կայացնել իր վերարտադրողական առողջության վերաբերյալ», — ընդգծում է բժշկուհին։
Նա նշում է՝ անպտղությունը բազմագործոն խնդիր է, և դրա պատճառները կարող են կապված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու վերարտադրողական առողջության հետ։
Անահիտ Սեփխանյանը կարևոր գործոն է համարում նաև կնոջ տարիքը. 35 տարեկանից հետո աստիճանաբար նվազում է ձվարանների ձվաբջջային պաշարը և դրանց որակն աստիճանաբար վատանում է, իսկ 37-40 տարեկանից հետո այդ գործընթացը կարող է արագանալ։ Իրենց ազդեցությունն ունեն նաև կենսակերպային գործոնները՝ ավելորդ քաշը և նյութափոխանակային խանգարումները։
«Կցանկանայի հատկապես ընդգծել, որ անպտղությունը միայն կնոջ խնդիրը չէ։ Տղամարդու գործոնը կարող է լինել անպտղության միակ կամ համակցված պատճառը, ուստի հետազոտման գործընթացում պետք է պարտադիր ընդգրկվեն երկու զուգընկերները։ Կարծում եմ՝ մեր առաջնահերթությունը պետք է լինի ոչ միայն անպտղության բուժումը, այլև դրա պատճառների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը»,- բացատրում է մանկաբարձ-գինեկոլոգը։
։
Ձվաբջջի սառեցումը ժամանակակից վերարտադրողական բժշկության կարևոր ձեռքբերումներից է, որը կնոջը հնարավորություն է տալիս պահպանելու իր ձվաբջիջները և հետագայում օգտագործելու դրանք հղիության պլանավորման համար։ Եթե կինը տարբեր պատճառներով հետաձգում է մայրությունը, կարող է դիտարկել այս տարբերակը։
«Իմ խորհուրդն է՝ այս հարցով հետաքրքրվել դեռևս 30-35 տարեկանում, քանի որ ավելի երիտասարդ տարիքում սառեցված ձվաբջիջներն ունեն ավելի բարենպաստ վերարտադրողական ներուժ։ Իմ պրակտիկայում այս մեթոդի նկատմամբ հետաքրքրությունն առավել հաճախ նկատում եմ 35 տարեկանից բարձր կանանց շրջանում։ Սակայն այն չէի դիտարկի որպես բոլոր առողջ կանանց համար պարտադիր կամ միանշանակ խորհուրդ տրվող միջամտություն։ Յուրաքանչյուր կնոջ դեպքում անհրաժեշտ է գնահատել տարիքը, ձվարանների պաշարը, վերարտադրողական պատմությունը և մայրության հետ կապված ծրագրերը։ Որոշումը պետք է լինի անհատական», — բացատրում է մասնագետը։
Ձվաբջիջները կարող են սառեցվել վիտրիֆիկացիայի՝ արագ սառեցման մեթոդով և պահպանվել հետագա օգտագործման համար երկար տարիներ։ Սակայն պետք է հիշել, որ դրանց սառեցումը ապագա հղիության երաշխիք չէ․ արդյունքը մեծապես կախված է սառեցման պահին կնոջ տարիքից և ստացված ձվաբջիջների քանակից ու որակից։
Անահիտ Սեփխանյանը շեշտում է՝ ֆինանսական առումով սա ծախսատար գործընթաց է, քանի որ ներառում է հորմոնային խթանում, հետազոտություններ, ձվաբջիջների ստացում, սառեցում և պահպանման վճարներ։
Մասնագետը նշում է՝ անպտղության հաղթահարման պետական աջակցության ծրագրում ներկայում ներառված չէ սեփական ձվաբջիջների սառեցումը՝ ապագայում մայրության պլանավորման նպատակով։
«Կարծում եմ՝ ապագայում արժե քննարկել այս ծառայության հասանելիության ընդլայնման հնարավորությունը, քանի որ այն կարող է կարևոր նշանակություն ունենալ կանանց վերարտադրողական առողջության պահպանման տեսանկյունից։ Կարևորն այն է, որ կանայք տեղեկացված լինեն այս հնարավորության մասին, բայց որոշում կայացնեն ոչ թե վախի կամ հասարակական ճնշման ազդեցությամբ, այլ բժշկի հետ խորհրդակցելուց և անհատական ռիսկերի գնահատումից հետո», — նշում է բժշկուհին։
։
Անահիտ Սեփխանյանն իր աշխատանքի ընթացքում համոզվել է՝ համբերատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության։
«Իմ պրակտիկայում հանդիպել եմ պոլիէնդոկրին մետաբոլիկ համախտանիշ ունեցող կանանց, որոնք երկար ժամանակ չէին կարողանում հղիանալ։ Նրանցից շատերը գալիս էին արդեն անհանգստացած՝ մտածելով, որ մայրանալու իրենց հնարավորությունները շատ փոքր են։ Նման դեպքերում կարևոր է նախևառաջ հասկանալ, որ այս հիվանդությունը դեռ անպտղություն չի նշանակում։ Պետք է կատարել անհրաժեշտ հետազոտություններ, գնահատել ձվազատումը, բացառել այլ հնարավոր պատճառները և ընտրել անհատական բուժման մոտեցում։ Երբեմն բեկումնայինը հենց ճիշտ ախտորոշումն ու բուժման ճիշտ պլանի ընտրությունն են լինում։ Եվ ամենակարևորն այն է, որ կինը պետք է հասկանա՝ պոլիկիստոզ ունենալը չի նշանակում, որ ինքը չի կարող մայրանալ։ Ինձ համար յուրաքանչյուր նման պատմություն ևս մեկ հիշեցում է, որ պետք չէ հույսը կորցնել, բայց պետք է նաև չկորցնել ժամանակը և դիմել մասնագետի»,- ասում է բժշկուհին։
Նա վերջին տարիներին մի դրական միտում է նկատել, այն է՝ տղամարդիկ աստիճանաբար ավելի գիտակից են դառնում վերարտադրողական առողջության հարցերում և ավելի պատրաստակամորեն են մասնակցում հետազոտման ու բուժման գործընթացին։
Այնուամենայնիվ, հասարակության մեջ դեռ պահպանվում է այն կարծրատիպը, որ հղիության բացակայության դեպքում առաջին հերթին պետք է հետազոտվի կինը, մինչդեռ իրականում անպտղությունը զույգի խնդիրն է, և հետազոտումը պետք է սկսվի երկու զուգընկերների միաժամանակյա գնահատմամբ։ Տղամարդու հետազոտությունը, այդ թվում՝ սերմնահեղուկի հետազոտությունը (սպերմոգրաման), անպտղության նախնական գնահատման կարևոր բաղադրիչ է։
«Կարծում եմ՝ ամենակարևոր փոփոխությունը, նախ, պետք է լինի մարդկանց մտածելակերպի մեջ։ Անպտղությունը մեղավոր փնտրելու իրավիճակ չէ։ Այն բժշկական խնդիր է, որն ունի պատճառներ, ախտորոշման և բուժման հնարավորություններ։ Եվ այդ ճանապարհը զույգը պետք է անցնի միասին», — ասում է բժշկուհին։
Մասնագետը վստահեցնում է՝ վերջին տարիներին Հայաստանում վերարտադրողական բժշկությունը բավականին զարգացել է։ Ներդրվել և կատարելագործվել են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արտամարմնային բեղմնավորումը (IVF), սպերմատոզոիդի ներցիտոպլազմային ներարկումը (ICSI), սաղմերի և ձվաբջիջների սառեցումը, նաև սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկական հետազոտությունը՝ համապատասխան ցուցումների դեպքում։
Կարևոր զարգացում է նաև սաղմերի աճեցման և ընտրության լաբորատոր տեխնոլոգիաների կատարելագործումը, որը հնարավորություն է տալիս ավելի անհատականացված մոտեցում ցուցաբերելու բուժման ընթացքում։ Այս ամենը նոր հնարավորություններ է ստեղծել նաև այն զույգերի համար, որոնց մոտ նախկինում հղիության հասնելը բավականին բարդ էր։
«Այն կանանց, որոնք տարիներ շարունակ բուժվում են և արդեն կորցրել են մայրանալու հույսը, առաջին հերթին կասեի՝ անպտղության ախտորոշումը դատավճիռ չէ։ Սակայն շատ կարևոր է ոչ թե անվերջ կրկնել նույն բուժման սխեմաները, այլ վերագնահատել իրավիճակը, վերանայել նախկին հետազոտություններն ու բուժման արդյունքները, անհրաժեշտության դեպքում՝ դիմել վերարտադրողական բժշկության մասնագետի՝ այլընտրանքային մոտեցում քննարկելու համար։ Երբեմն խնդիրը ոչ թե բուժման բացակայությունն է, այլ դրա ոչ ճիշտ ընտրված կամ ոչ բավարար անհատականացված լինելը։ Իմ հիմնական խորհուրդն է՝ չկորցնել հույսը, բայց նաև լինել իրատես և տեղեկացված։ Ժամանակակից բժշկությունն այսօր ունի բազմաթիվ հնարավորություններ, սակայն յուրաքանչյուր զույգի համար անհրաժեշտ է գտնել իր խնդրին համապատասխան լուծումը»,- եզրափակում է Անահիտ Սեփխանյանը։
։
Հայաստանում 2019 թվականից գործում է անպտղության հաղթահարման ծրագիրը, համաձայն որի՝ բնակչության որոշ խմբերին տրամադրվում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:
Աջակցության ծրագրից օգտվելու համար դիմողները պետք է լինեն ՀՀ քաղաքացի կամ Արցախից բռնի տեղահանված կամ փախստական ճանաչված կանայք, որոնք ՝
Անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության խմբերը շարունակաբար ընդլայնվում են:
2020-2025 թվականներին անպտղության հաղթահարման պետական ծրագրի շահառուների թիվն աճել է մոտ 15 անգամ՝ 524-ից հասնելով 7722-ի։
Նույն ժամանակահատվածում ծրագրի շրջանակում լույս աշխարհ եկած երեխաների թիվն ավելացել է մոտ 11 անգամ՝ 49-ից հասնելով 561-ի
Միաժամանակ պետությունն ավելացրել է նաև ծրագրի ֆինանսավորումը՝ ընդլայնելով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները։

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչությունից տրամադրված տեղեկության համաձայն՝ Հայաստանում իրականացված՝ անպտղության հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կազմում է 30%:
Անպտղության բուժման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների արդյունավետության չափման ստանդարտներն ու չափորոշիչները սահմանվում են միջազգային առաջատար մասնագիտական կազմակերպությունների և ռեգիստրների կողմից։
Ծրագրի արդյունավետությունը չափվում է կլինիկական հղիության և, ամենակարևորը, կենդանածնության (երեխայի ծննդի) տոկոսային հարաբերակցությամբ։
Վարչության փոխանցմամբ՝ այս ցուցանիշը համադրելի է զարգացած այլ երկրների հետ: Օրինակ, Գերմանիայի արտամարմնային բեղմնավորման ազգային ռեգիստրը (DIR) համաձայն՝ (ներառում է երկրի ավելի քան 140 մասնագիտացված կենտրոնների տվյալները) , 2024 թվականին 142 անդամ կենտրոններից 139-ի ներկայացրած տվյալների հիման վրա սաղմի մեկ տեղադրման հաշվով հղիության ցուցանիշը թարմ ցիկլերով կազմել է 30.5%, իսկ սառեցված ցիկլերով՝ 31.5%:
2023 թվականին էլ սաղմի մեկ տեղադրման հաշվով երեխայի ծննդի (կենդանածնության) ցուցանիշը թարմ ցիկլերի դեպքում կազմել է 22.5%, իսկ սառեցվածների դեպքում՝ 21.9%:
Թարմ ցիկլը (Fresh cycle) այն դեպքն է, երբ նույն բուժման ընթացքում ձվարանները խթանում են, հավաքում ձվաբջիջները, լաբորատորիայում բեղմնավորում (ստանում սաղմը) և անմիջապես՝ 3–5 օրվա ընթացքում, տեղադրում կնոջ արգանդում՝ առանց սաղմը սառեցնելու:
Սառեցված ցիկլը (Frozen cycle) այն դեպքն է, երբ ստացված սաղմերը նախապես սառեցնում են (վիտրիֆիկացնում), իսկ տեղադրումը կատարում են ավելի ուշ՝ հաջորդ ամիսներին կամ տարիներին, երբ կնոջ օրգանիզմն ու արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումը) հատուկ պատրաստվում են դրան:
Օժանդակ սերմնավորման ծառայության մատչելիության բարձրացման նպատակով մարզերի բնակիչների համար ստեղծվել և անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում գործում են օժանդակ սերմնավորման կաբինետներ`
Առաջիկայում պլանավորվում է ևս մեկ մարզային կենտրոնի ստեղծում:
Մոր և մանկան առողջության պահպանման վարչությունից մեզ նաև տեղեկացրել են՝ անպտղության հաղթահարման ծրագրի մեկնարկից ի վեր բյուջետային հատկացումների աճին համընթաց՝ «բազմիցս վերանայվել են շահառուներին ներկայացվող պահանջները և բժշկական օգնության և սպասարկման ծավալները, որոնք կրում են շարունակական բնույթ»։