

Ռուսաստանի «Չեստնի զնակ» պետական մակնշման համակարգը, Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ, ժամանակավորապես արգելափակել է Հայաստանից ներկրված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը։ Որոշման պատճառը, ըստ ռուսական կողմի, արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների խախտումներն են։
,
«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ՝ «Չեստնի զնակ» պետական մակնշման համակարգի օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը» (ЦРПТ/ՀՏԶԿ) դադարեցրել է Հայաստանից ներկրված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների իրացումը՝ «ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելու նպատակով»։
«Չեստնի զնակ» (Честный знак)՝ Ռուսաստանի պետական թվային մակնշման համակարգն է, որը նախատեսված է ապրանքների շրջանառությանը հետևելու և կեղծ, ժամկետանց կամ պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վաճառքը կանխելու համար։
Համակարգի միջոցով յուրաքանչյուր ապրանք ստանում է հատուկ թվային կոդ, որը հնարավոր է ստուգել վաճառքի փուլում։
Սահմանափակումը վերաբերում է հետևյալ արտադրանքների առանձին խմբաքանակներին.
ՀՏԶԿ-ի հաղորդագրության համաձայն՝ արգելափակումը վերաբերում է միայն նշված ընկերությունների որոշակի օրերին արտադրված խմբաքանակներին և չի տարածվում դրանց մյուս արտադրանքի վրա։
«Ներկայում «Ռոսպոտրեբնադզորի» կողմից նշված խմբաքանակների իրացումը մանրածախ և առցանց վաճառքի ալիքներում արգելված է մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Մակնշման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղի հետ, ինչը հնարավորություն է տալիս ակնթարթորեն գործարկել սպառողների պաշտպանության մեխանիզմը։ 2026 թվականի սկզբից «Չեստնի զնակ» համակարգը կանխել է պիտանելիության ժամկետի և պարտադիր պահանջների խախտումներով 48 միլիոն շիշ խմելու ջրի վաճառքը»,– նշել է «Չեստնի զնակ» համակարգի օպերատոր ՀՏԶԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։