
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝
Լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին: